
Մանվել Գրիգորյանը արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան
ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանը պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով, ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի, դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Մ. Գրիգորյանը որպես փոխհատուցում պահանջում է 3 մլն դրամ:
Մ. Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ վերջնական դատական ակտով հօգուտ հայցվորի բռնագանձված գումարը Մանվել Գրիգորյանն ամբողջությամբ հատկացնելու է մանկատներից մեկին:
Թերթը գրել է մի հոդված՝ վկայակոչելով քաղաքացի Անահիտ Մնացականյանին: 1991-1992թթ. ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել են Սիսիանի սահմանամեձ գյուղեր և գողացել անասուններ: Գողացված անասուններին ետ բերելու նպատակով Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ Սիսիանի շրջանի պարետ Կարեն Զարբաբյանի ղեկավարությամբ, ով Ա. Մնացականյանի ամուսինն է եղել, 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվել են հետախուզական աշխատանքներ: Ադրբեջանի տարածքից բռնագրավվել է 1500 գլուխ ոչխար:
Ըստ հոդվածի՝ այդ մասին Կարեն Զարբաբյանը տեղեկացրել է Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցմունքով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվել է Մանվել Գրիգորյանին: Որոշ ժամանակ անց ստացվել է տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին:
Մեկնաբանել