
Ի նշան բողոքի հրաժարվում է ավագանու անդամությունից
Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի բնակչուհի Սոֆյա Այվազյանի եւ նրա հարեւան Կարո Այվազյանի հարաբերությունները շուրջ 30 տարի լարված են: Սոֆյան 2011թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին գրավոր հայտնել է, որ 2011թ. հուլիսի 22-ին ինքը դիմել է ճանապարհային ոստիկանության վարչություն եւ տեղեկացրել, որ Կարո Այվազյանը «Գազ-52» բեռնատարը շահագործում է առանց պետհամարանիշների, առանց տեխզննման եւ պետական պարտադիր ապահովագրության:
Օգոստոսի 12-ին ոստիկանությունից Սոֆիային հայտնել են, որ հուլիսի 23-ին Կ. Այվազյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որ նա եւ իր հայրը զգուշացվել են` հետագայում չշահագործել առանց հաշվառման համարանիշների մեքենան:
Սոֆյան ունի լուսանկարներ, որտեղ երեւում է` Կ. Այվազյանը 2011թ. օգոստոսին շարունակել է շահագործել բեռնատարը: Լուսաձորի 25-ամյա բնակիչ Ռազմիկ Նազարյանը գրավոր վկայում է, որ Կ. Այվազյանը օգոստոսին շահագործել է «Գազիկը»:
Սոֆյան 2011թ. հոկտեմբերի 9-ին կրկին բողոքել է նախկին ոստիկանապետին` հայտնելով. «Դիմումիս կապակցությամբ վարչությունից եկած երկու աշխատակիցներից մեկն ինձ ստիպում էր, որ ես բացատրության մեջ գրեմ, որ շնորհակալ եմ տեղի (Իջեանի) «ԳԱԻ պետ» Կ.Բոյաջյանից: Մինչդեռ ես դժգոհ եմ նրանից, որ ժամանակին դիմումիս եւ իմ ահազանգին ընթացք չի տվել: Խնդրում եմ կարգապահական պատասխանատվության ենթարկել ինչպես վարչությունից եկած Վ. Սիմոնյանին` ոչ օբյեկտիվ քննություն կատարելու համար, այնպես էլ Բոյաջյանին` օրենքի պահանջներով չաշխատելու համար»:
Սոֆյան պնդում է, որ Կ. Բոյաջյանը իր երեք ահազանգերից միայն մեկին է արձագանքել: 2011թ. նոյեմբերի 17-ին ՀՀ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Ա. Գալստյանը Սոֆյա Այվազյանին գրավոր տեղեկացրել է , որ ՀՀ ոստիկանապետին ուղարկած նրա դիմումը քննարկվել է, որ ճանապահային ոստիկանության ծառայողներ Վ. Սիմոնյանի եւ Կ. Բոյաջյանի գործողություններում օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել:
Սոֆյան շարունակել է բողոքել: Այս տարվա հունվարի 19-ին կրկին «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Ա. Գալստյանը նրան հայտնել է, որ Լուսաձորում, Կ. Այվազյանի հայրական տան բակում կայանած բեռնատարը «գտնվում է անսարք վիճակում, եւ արտաքին տեսքից էլ նկատելի է, որ այն չի շահագործվել»:
Ա. Գալստյանը Ս. Այվազյանին չի տեղեկացրել, թե Կ. Այվազյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման արձանագրությունից հետո նա տուգանվե՞լ է, թե` ոչ: Սոֆյա Այվազյանը բողոքում է նաեւ Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանի դեմ, ով ոստիկանությանը տեղեկանք է տվել այն մասին, որ 2011թ. օգոստոսին Կարո Այվազյանը չի շահագործել վերոհիշյալ «Գազ-52»-ը: Նման տեղեկանք տալը գյուղապետի իրավասությունների մեջ չէ, համայնքի ղեկավարն էլ ամեն րոպե չի հսկում` Կ. Այվազյանը բեռնատարը շահագործո՞ւմ է, թե` ոչ: Մնում է ենթադրել, թե ինչու՞ է գյուղապետը ոստիկանությանը տրամադրել նման տեղեկանք:
Նշենք, որ Կարո Այվազյանը զինվորական է, վաշտի հրամանատար, կոչումով` կապիտան: Սոֆյա Այվազյանը 2011թ. նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 26-ին սպա Կարո Այվազյանի դեմ բողոքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն ցայսօր պատասխան չի ստացել:
2012թ. հունվարի 30-ին Սոֆիան եղել է ՀՀ ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանի մոտ, հաջորդ օրը նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմում է տվել: Դիմումի մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել է , որ 2011թ. ընթացքում Իջեւանի «ԳԱԻ պետ» Կարեն Բոյաջյանը երկու անգամ վթարի ենթարկվելով ` ջարդել է «793 ՈՍ 01» պետահամարանիշներով ծառայողական ավտոմեքենան: Սոֆյայի տեղեկություններով` Կարեն Բոյաջյանը ներկայումս աշխատում է Վանաձորի պետավտոտեսչությունում:
2012թ. հունվարի 19-ին Սոֆյա Այվազյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին գրավոր հայտնել է, որ եթե մարզպետը գյուղապետ Սուրեն Քոչարյանի արարքին (ոչ հավաստի տեղեկություններով տեղեկանք տրամադրելուն) համապատասխան գնահատական չտա, ինքը կհրաժարվի ավագանու անդամությունից:
Հունվարի 26-ին մարզպետն ընդունել է Սոֆիային, փետրվարի 2-ին Ս. Այվազյանը ստացել է մարզպետի գրավոր պատասխանը: Ա. Ղուլարյանը հայտնել է, որ մարզպետարանը համայնքի ավագանու անդամի լիազորություների վաղաժամկետ դադարեցնելու հետ կապված լիազորություններ չունի, որ այդ հարցը կարգավորվում է ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ կետով: Այսինքն`ավագանու հերթական նիստում դրա վերաբերյալ արձանագրություն է կազմվում, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը: 697 բնակիչ ունեցող Լուսաձորում 5 հոգու փոխարեն ընտրվել էր ավագանու 4 անդամ, որից մեկը վաղուց Ռուսաստանում է, եւս մեկն էլ Ռուսաստան գնալու համար դեկտեմբերի 21-ին հրաժարվել է ավագանու անդամությունից: Սոֆիայի հրաժարականից հետո Լուսաձորի ավագանին կունենա…մեկ անդամ: Մարզպետը նաեւ տեղեկացրել է, մարզպետարանը Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի կողմից ոստիկանությանը տրամադրած ոչ հավաստի տեղեկություներով տեղեկանքի հետ կապված լիազորություններ չունի: Սոֆյա Այվազյանն օրերս դիմել է նաեւ Տավուշի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն:
Մեկնաբանել