
Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, քիչ առաջ հրապարակեց Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը:
Գրիգորյանին կալանավորելու որոշման մասին դատարանում գտնվող լրագրողներին ասաց դատախազ Վահան Մուրադյանը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և յուրացման եղանակով իրեն վստահված գույքը հափշտակելու մեջ: 2018 թվականի հունիսի 16-ին Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություն է արվել, որի արդյունքում հայտնաբերվել է զենք- զինամթերք, «զինվորի բաժին» գրությամբ պահածոներ և այլ իրեր:
Օրենքով սահմանված կարգով Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք է առաջադրվել, ապա դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 2018 թվականի դեկտեմբերին, այն բանից հետո, երբ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը հերթական անգամ երկարացվել էր, նրա պաշտպանները Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարան, և առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է միջնորդությունն ու Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է, և տևական ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր բողոքը:
Բացի դրանից, Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել են մինչև գրավի կիրառումը Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը, և Վերաքննիչ դատարանը, դարձյալ նույն դատավորի՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քննում էր նաև այս բողոքը, որը, փաստորեն, մերժվել է: Գրիգորյանի խափանման միջոցի գործով բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել հունվարի 18-ին:
Մեկնաբանել