
Ինչու՞ է Նաղդալյանի ամուսինը ազատման դիմում գրել, եւ ի՞նչ էին անում նրանք դատարանում
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանը, ազատվել է աշխատանքից: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ Բեգլարյանն ազատված է հունվարի 31-ից՝ իր դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դ. Բեգլարյանի անունը մամուլի քննարկման առարկա դարձավ՝ կապված «Նորաշեն 2007» կոոպերատիվի գործի հետ: Բեգլարյանի ձեռքում էր հայտնվել 14 բնակարան, որոնք իրականում պատկանում էին կոոպերատիվի շահառուներին: Բնակարաններից 6-ը վերադարձվել են իրական տերերին, իսկ 8-ը դեռ շարունակում են մնալ Բեգլարյանի եւ Նաղդալյանի տրամադրության տակ, չնայած ձեւակերպված են վերջիններիս ծանոթ-բարեկամների անուններով:
Նախաքննության ժամանակ քննիչը նշել էր, որ այդ բնակարանները Բեգլարյանի մոտ են հայտնվել մի գործարքի արդյունքում, որի ժամանակ Բեգլարյանը ամսական 5 տոկոս տոկոսադրույքով 300.000 դոլար գումար է տրամադրել կոոպերատիվի ղեկավարներին՝ փոխարենը որպես գումարի վերադարձնելիության երաշխիք՝ գրավ, կնքել նշված 14 բնակարանների առքուվաճառքի ձեւական պայմանագրեր:
Հետո, շահառուների համոզմամբ, Հ. Նաղդալյանի ճնշմամբ եւ ավագ դատախազ Հարություն Հարությունյանի ցուցումով քննիչը փոխել է որոշման տեքստն ու գրել, որ տոկոսով գումար տալու հանգամանքը չի ապացուցվել: Իր հերթին Բեգլարյանը նշել էր, թե այդ բնակարանները պարզապես գնել է՝ չիմանալով, որ այլ մարդիկ են կապված դրանց հետ:
Շահառուները հարկայինի տարածքայինի պետ Դավիթ Բեգլարյանի եւ ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանի (Բեգլարյանը «Նորաշեն 2007»-ի ղեկավարների հետ ծանոթացել է Ավագյանի միջոցով, որը, ըստ լուրերի, նույնպես գումար էր տվել կոոպերատիվին) գործունեության մասին երկու անգամ նամակ են ուղարկել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին նամակից հետո Բեգլարյանը զգուշացվել է ղեկավարության կողմից՝ այնպես անի, որ նման իրավիճակներ չկրկնվեն, սակայն երբ ստացվել է երկրորդ նամակը, ըստ էության, «համբերության բաժակը» լցվել է: Նույն աղբյուրը փոխանցում է, որ Բեգլարյանն ուղղակի ժամանակավոր է գործից ազատվել՝ նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ի վարկը բնակարանների վեճի պատճառով չխաթարելու համար:
Փետրվարի 1-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Նորաշեն 2007»-ի քրեական գործի առաջին նիստը: Դրա նախորդ օրը՝ հունվարի 31-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, դատարանում գտնվող մի քանի բնակիչներ պատահաբար տեսել են Բեգլարյանին ու Նաղդալյանին:
Նրանց փոխանցմամբ՝ ամուսինները մտել են դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի սենյակ, որտեղից դուրս են եկել 2-3 ժամ անց: Ըստ ներքին խոսակցությունների՝ Աբրահամյանի մոտ ամուսինները հանդիպել են նաեւ այժմ իրենց մոտ գտնվող մնացած 8 բնակարանների մասով քաղհայցեր քննող դատավորներ Անի Մխիթարյանի, Մարգարիտա Հարթենյանի եւ Արթուր Սմբատյանի հետ ու նշել, որ հիմա այդ բնակարանների վերաբերյալ բանակցություններ են վարում շահառուների հետ՝ փոխհամաձայնության գալու համար: Իրականում, սակայն, ինչպես հավաստիացնում են բնակիչները, ոչ մի բանակցություն էլ չի ընթանում, եւ վերադարձման գործընթացը փակուղում է, ինչը հնարավոր է լուծել միայն դատական կարգով:
Ամուսնու դիմում գրելու եւ դատարան գնալու իրական պատճառների մասին պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Հերմինե Նաղդալյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին, ապա դարձավ անհասանելի: Այդուհանդերձ, պատրաստ ենք ներկայացնել նաեւ պատգամավորի տեսակետը:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել